Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վաշինգտոնյան բանակցությունների հիմնական թեման եղել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը:
Մերկելը Բայդենի հետ հանդիպումից հետո ասել է, որ Ուկրաինան պետք է մնա տարանցիկ երկիր ռուսական գազի համար, «Հյուսիսային հոսք 2»-ը Բեռլինի համար լրացուցիչ նախագիծ է և չի փոխարինում ուկրաինական տրանզիտին: Նրա խոսքով՝ Գերմանիայի ու Եվրահանձնաժողովի ջանքերով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման մասին համաձայնագիր է կնքվել` մինչև 2024 թվականը այն երկարաձգելու պայմանով: Միաժամանակ, Մերկելը նշել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պարտավորությունների խախտման դեպքում Ռուսաստանի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի:
Ըստ դիտորդների՝ Մերկել-Բայդեն հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը ճնշում չի գործադրել, բայց դա չի նշանակում, որ Վաշինգտոնը հրաժարվելու է իր դիրքորոշումից: Ամենայն հավանականությամբ, ամերիկացի առաջնորդը կսպասի Գերմանիայի Բունդեսթագի աշնանային ընտրությունների արդյունքներին՝ որոշելու նախագծին հակազդելու մարտավարությունը՝ գրում է РИА Новости-ն: